"Ամենամեծ ռեւոլյուցիան տիեզերքի գոյությունն է",-
ասում է նկարիչ-քանդակագործ Գեւորգ Ջորջ Քասաբյանը
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Մայիս 20, 2010 | 168 Ժամ
Կանադահայ նկարիչ-քանդակագործ Գ. Ջ. Քասաբյանի մոլորակագիտական բազան հիմնված է ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկների վրա: Տիեզերքի վերաբերյալ նրա տրամաբանական բացատրություններն այնքան հիմնավորված են, որ թվում է` նա տիեզերագիտական թեզերի հեղինակ է: «Ամենամեծ ռեւոլյուցիան տիեզերքի գոյությունն է»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանը, ում շփումը տիեզերքի հետ արտացոլված է կտավների ու քանդակների` ձեւի եւ բովանդակության մեջ: Իսկ բծախնդիր` առաջին հայացքից կոսմոպոլիտ որոնումներն իրականում խորիմաստ ու պատճառաբանված են: Անգամ անգույն, թափանցիկ օդի մեջ «լողացող» էկլեկտիկ փոշեհատիկի գոյությունը նա պատահական չի համարում, քանի որ տիեզերքի արարիչն ամեն ինչ հաշվարկել է անթերի ճշգրտությամբ: Մեր հայրենակցի ձեռքերի շարժումը կարծես մոլորակացույց լինի, որի սլաքին հետեւելով՝ մեր միտքն ուղղվում է դեպի արեգակ: Իսկ արեգակի ներուժն ու խորհուրդը գիտակցելուն պես մենք հաճախ գալիս ենք այն եզրահանգման, որ մարդկությունը, մխրճվելով մատերիայի մեջ, «զոմբիանում» ու հրաժարվում է արարչագործության արժեքը գնահատելուց: Առհասարակ Գ. Ջ. Քասաբյանի մինիմալիստական գործերը վերացական արվեստի ընկալումից դուրս են, քանի որ դրանց մեջ ճշմարտության փնտրտուքը եւ գտած լինելու գաղափարն ակնհայտ է: Գ. Ջ. Քասաբյանի աչքը խորաթափանց է. նրա գործերը երբեմն վիզուալ մեզ մատուցում են այն, ինչը թերեւս մենք գիտենք, զգում ենք, բայց բառերով վերարտադրելու համար անբացատրելի է: «Կոսմիկ իրականությունը հզոր ուժ է: Արեւն ու մոլորակներն այնքան ֆունկցիոնալ ու իրար շաղկապված են, որ ամեն ինչ ստեղծվել է շշմելու ճշգրիտ հաշվարկով»,- ասում է նկարիչ-քանդակագործը: Իսկ ընդհանրապես Գ. Ջ. Քասաբյանի անհատական գործերի ամբողջական գաղափարը նման է այն պլանետարիումին, որն էներգետիկ դաշտով մեր հայացքները ձգում է դեպի երկինք: Ողորկ մակերեսների վրա դրված գծի, գույնի մաքրությունը, գործիքի վարպետությունը զգայուն ու հարմոնիկ են: Քանդակ-ֆիգուրների մեջ դեպի երկինք թռիչքի պատրաստ, բայց հողին կպած պլաստիկ շոյանքը մեր մեջ բնություն, ներդաշնակություն է ներարկում: Ասում է` «Երբ արվեստագետը` երաժիշտն իր գործիքի հետ, նկարիչը, քանդակագործն իր կտավի, նյութի հետ հաշտ է լինում, ուրեմն` համոզված եղեք, որ ստեղծագործությունը ստացվել է»: Իր նյութի հետ համերաշխ ապրող արվեստագետը նաեւ Հայաստանի խորհուրդը տիեզերքի մեջ պատահական չի համարում: Լեռնոտ ու քարքարոտ մեր երկիրը ստեղծագործողի համար վերաիմաստավորվելու ու ինքնարտահայտվելու իսկական դարբնոց է: «Էս քարերը, լեռները իրենց մեջ գենետիկա, պատմություն, հիշողություն ու մարդկային կյանքեր են պահում: Քարերի մեջ պատմություններ կան ու հաճախ արվեստի գործ դարձնելուց հետո իրենք իրենց պատմությունները պատմում են մարդկանց: Երբ մարդը մահանում է, եւ դիակը թաղում են հողի տակ` տարիների, դարերի ընթացքում դրանք ձուլվում են հողի մեջ, այնուհետեւ դառնում են քարեր: Դրանք երկրաբանական նրբություններ են: Այսինքն` էդ դիակներն իրենց ապրած կյանքով, հիշողությամբ դառնում են քար, իսկ մարդու հոգին թափանցում է տիեզերք ու միանում է մյուս հոգիներին: Ուզում եմ ասել, որ Հայաստանի քարերն իսկական հանրագիտարան են: Քանդակագործի համար մեր քարերն արարելու անգնահատելի նյութ են: Ձեւը տալուց հետո իրենք դիտողին անվերջ պատմելու, խոսելու հատկություն ունեն: Քարերը քանդակ դառնալուց հետո մի տեսակ կենդանանում են: Երբ քարին սիրում ես` ինքն էլ քեզ է սեր տալիս: Պոզիտիվ էներգիա կա դրանց մեջ»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանը, ով Հայաստանի տուֆի սպեցիֆիկան համարում է քանդակագործի հաջողության նյութը: Արեգակից սնուցվող երկնային մարմինների ու յուրաքանչյուր անհատի հոգեկան կապը տիեզերքի հետ Գ. Ջ. Քասաբյանը դիտարկում է` հիմնվելով միստիկ վերլուծությունների վրա:
Կանադայում Գ. Ջ. Քասաբյանը դեռեւս 1999-1993թթ. հիմնել է «Արեւային եւ պոլիուրեթանային հետազոտությունների» կենտրոնը («Oxer, Ceoo, Canadian Polyurethane & Solar research center): Հեղինակավոր բարձրագույն կրթական հաստատություններում ստացել է ճարտարագիտական, գեղարվեստական, ինչպես նաեւ` համակարգչային ծրագրավորման կրթություն, որի արդյունքում այս գիտություններն ու արվեստը համադրելով` կարողանում է թե՛ ուսումնասիրել եւ թե՛ բացահայտումները պատկերի միջոցով վերարտադրել: Պատահական չէ, որ Կանադայի «St-Joseph» հիվանդանոցում տեղադրված է նրա քանդակը, քանի որ նույնիսկ բժշկական գիտությունն ընդունում է նրա գործերի տիեզերական էներգիան:
Ասում է` շատ կարեւոր է, որ մարդիկ արթնանան առավոտյան ժամը 6-ին` արեւածագին, քանի որ արեւը պոզիտիվ էներգիա արձակող է: Ծագող արեւից կոսմիկ էներգիա է գալիս մարդու մեջ, որը մեզ դարձնում է առողջ, առանց նախապաշարմունքների, կենսուրախ ու հաշտարար մարդ:
Գ. Ջ. Քասաբյանն ապրելով Կանադայում՝ ամեն տարի վերադառնում է Հայաստան. «Հայաստանը նման է արեգակին, որի էներգիայից սնվում են մոլորակները: Սփյուռքը լինելով Հայաստանի մոլորակները՝ նրանից ուժ է ստանում: Ամեն տարի գալիս, չորս ամիս այստեղ եմ ապրում, մարտկոցի նման լիցքավորվում եմ ու գնում եմ Կանադա: Այսինքն` արեգակն առանց մոլորակների գոյություն չունի, իսկ մոլորակներն` առանց արեգակի: Իրարից ուժ են ստանում: 1999թ. կնոջս եւ երեխաներիս հետ եկա Հայաստանում ապրելու, որպեսզի երեխաներս այստեղ կրթություն ստանան: Արեւմուտքում ամեն ինչ կա ու էդ ամեն ինչը ջահելներին քամու նման սրբում-տանում է: Երկուսն էլ այստեղ ուսում ստացան, եւ 2006թ. կրկին վերադարձանք Կանադա: Հայաստանը մաքուր երկիր է, որը մարդուն պինդ, լեռնեցու, դժվարություններին դիմադրելու ուժ տվող հատկություն ունի: Մենք ընտանիքով շուտով կտեղափոխվենք Հայաստան»: Գ. Ջ. Քասաբյանի գործում առկա մետաղական կոնստրուկցիաներից ստացված ստեղծագործությունները, որոնք առաջին հայացքից ձեռնաշղթայի` բռնության խորհուրդ ունեն, իրականում հավաքականության խորհրդանիշ են: Այսինքն` շղթայի մի օղակը մի բան է, իսկ շղթան՝ բոլորովին այլ բան: Այնպես, ինչպես մենակ մարդն է` անպաշտպան ու խոցելի, մինչդեռ հավաքական իմաստով` համախմբված մարդիկ հզոր են: Ընդհանրապես Սփյուռքի եւ Հայաստանի հավաքականության բալանսը նրա գործերում գերիշխող է: Նա գենետիկան համարում է ամենապինդ օրգանիզմը, այսինքն` կրակը, որը մեր մեջ դրված է բեղմնավորման պահից սկսած, ու գենետիկ ծրագիրը կրելով` մենք այն փոխանցում ենք մեր սերունդներին: «Մարդու նայվածքից, ձեռքի շարժումից, գանգային կառուցվածքից, ստամոքսահյութից սկսած` մինչեւ մյուս օրգանների աշխատանքով վերջացրած, գենետիկ համակարգը դրված ծրագիր է, իսկ ուղեղի ծրագրավորումը կախված է միջավայրից եւ աշխարհագրական դիրքի մեջ գտնվելուց, որը երբեմն փոփոխության է ենթարկվում»,- ասում է Գ. Ջ. Քասաբյանը` վստահեցնելով, որ մարդը չի մահանում, որովհետեւ նրա գենետիկ էներգիան անմահ է: Մեր ազգային առանձնահատկությունը Գ. Ջ. Քասաբյանը համարում է լեռնեցու տոկուն, պինդ ու կոփված լինելու տեսակը, որը պատրաստ է դիմադրել կյանքի դաժան երեւույթներին ու գոյատեւել: Իսկ ընդհանրապես, լինելով ազգային գենի կրողը, նկարիչ-քանդակագործն իրեն համարում է պինդ մարդ, որին հիասթափեցնելն ու կոտրելը գրեթե անհնար է: Կյանքի արատավոր երեւույթներն, ինչպես ինքն է ասում` «Գալիս-կպնում են ինձ, բայց հետ են գնում: Ինձ ոչինչ չի կարող հիասթափեցնել, որովհետեւ կյանքում շատ բաների միջով եմ անցել ու շատ բաների եմ հասել: Ես ծնվել եմ Սիրիայում, որտեղ 1967թ. սկսվեց Սիրիա-Իսրայել պատերազմը, այնուհետեւ առանց ոչնչի, մեն-մենակ տեղափոխվել եմ Կանադա: Ամեն գործ արել եմ, բանվորությունից սկսած` մինչեւ անգամ` բուժեղբայր: Հիվանդանոցում աշխատելու տարիներին հիվանդներին լողացրել եմ, տակն եմ փոխել, կեղտոտ հագուստներն եմ լվացել: Մի խոսքով` ամենածանր ու ամենացածր աշխատանքը կատարելով գումար եմ վաստակել, որ ուսում ստանամ: Բարձրագույն ուսում ստանալու համար սովորել եմ համալսարանում, ինստիտուտում, ընդ որում` աշխատելուն զուգահեռ եմ սովորել: Հետո իմ գիտական եւ գեղարվեստական պաշարն օգտագործելով` կամաց-կամաց նվաճումներ եմ ունեցել այնքան, մինչեւ ստեղծել եմ սեփական ինժեներական ընկերությունը: Ուզում եմ ասել, որ կոփված, ամեն ինչ տեսած, բայց չիմացածի համար դեռեւս սովորելուն պատրաստ մարդ եմ: Հայաստանում, անշուշտ, արատավոր երեւույթները շատ են, բայց դրանք չեն կարող ինձ հիասթափեցնել, որովհետեւ ես այս երկրում եմ լիցքավորվում»: Հայաստանում, օրինակ` բաներ կան, որոնք նա չի հասկանում, բայց նաեւ դրանցից չի հիասթափվում: Մասնավորապես չի հասկանում այն մեծահարուստներին, որոնք տասնյակ շքեղ մեքենաներ, տներ են գնում, փող են կուտակում, բայց երբեք ոտք չեն դնում մշակութային կենտրոններ: «Էստեղ մշտապես գնում եմ Օպերա, թատրոններ, ցուցասրահներ ու երբեք չեմ տեսել, որ էդ հարուստները կամ պաշտոնյաներն էնտեղ լինեն: Կամ` Մշակույթի նախարարության ներկայացուցիչներին չեմ տեսնում մշակութային կենտրոններում: Մինչդեռ իրենք, լինելով առաջին դեմքերը, պիտի ժողովրդի համար օրինակ լինեն: Օրինակ` Կանադայում օպերայի տոմսն արժե մոտ 65 դոլար: Մենք` ընտանիքով, ամիսը մեկ անգամ կարողանում ենք գնալ, բայց հետո գումար պիտի խնայենք, որ հաջորդ ներկայացմանն էլ մասնակցենք: Այսինքն` մեր ծախսերի մեջ առաջնահերթություն է արվեստ տեսնելու համար մեծ գումար տալը: Մենք աշխատում ենք, որպեսզի արվեստի հետ շփվելու համար գումար ունենանք: Այստեղ այդպես չէ: Տոմսերը բավականին էժան են, բայց փող ունեցող մարդիկ չեն գնում»,- զարմանալով ասում է Գ. Ջ. Քասաբյանը` նույն պատկերը տեսնելով գալերեաների գործունեության մեջ:
Հայաստանում գալերեաների գործունեությունը նա համեմատում է բենզալցակայանների հետ, քանի որ, նրա խոսքով` «գալերեյշչիկները» նկարչի գործերը տեղադրելու համար գին են «կրակում»: Օրինակ` երեւանյան գալերեաներից մեկում իր ցուցահանդեսը կազմակերպելու համար Գ. Ջ. Քասաբյանից պահանջել են 1500 դոլար, ճիշտ նույն արժեքը, ինչը կպահանջվեր Կանադայի հեղինակավոր գալերեայում ցուցահանդես ունենալու համար: Այն դեպքում, երբ այդ երկրում ցուցահանդես հաճախելու կուլտուրան առաջնահերթություն է, իսկ նկարները վաճառելն ու բարեկեցիկ կյանքով ապրելը նկարչի համար երազանք չէ: «Պետական ֆինանսավորմամբ գոյատեւող ցուցասրահները ղեկավարում են մաֆիոզները, որոնք հետո իշխանության էստաֆետը ժառանգաբար հանձնում են իրենց ընտանիքի անդամներին: Իրենց լավ նկարիչ, լավ գործ պետք չի, իրենց փող ու ճորտություն է պետք, որպեսզի ինչ պահանջ դնեն` նկարիչը հնազանդվի: Էս տաղանդավոր աբստրակցիոնիստ երեխեքն ինքնարտահայտվելու տեղ չունեն, դրա համար էլ դրսի ճամփան են բռնում: Իրենք ըմբոստ են, չեն ընդունում էդ կոմունիստական, բռնատիրական պահանջները, դրա համար էլ` գալերեաների մաֆիոզները սրանց առաջ դռները փակում են: Նկարիչների միության նախագահը էս տասը տարի է նախագահ է, բայց ո՞նց` թագավորությո՞ւն է, միշտ իրե՞ն են ընտրում, անփոխարինելի՞ է, չընտրողներ կամ նոր մարդիկ չկա՞ն: Ում գործերը մի քիչ չեն համապատասխանում կոմունիզմից մնացած փտած գաղափարներին, շարժման էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, Նկարիչների միությունը լիկվիդացնում է: Ազգային պատկերասրահի ղեկավարությանը մի անգամ դիմեցի, հունվար ամսից նամակ էի գրել, մեկ էլ պատասխան եկավ, թե` մեկ տարի առաջ պիտի դիմեիք, էսպես, էնպես... Այդ տարածք ներխուժելու համար նկարիչը մի 800 դոլար գոնե պիտի ունենա: Ես փող ունեցող մարդ եմ, ուզածս տեղում կարող եմ ցուցահանդես անել, բայց էս ջահելները տաղանդավոր են, չի կարելի նրանց հետ էսպես վարվել: Ես դրամս կտամ ու սկզբունքորեն Կանադայում կանեմ ցուցահանդես, որովհետեւ իրենք ճիշտ ձեւի մեջ չեն, ինձ դուր չի գալիս իրենց կայսերական տիրակալի կեցվածքը, ծանոթ-բարեկամ-խնամիական կապերով առաջնորդվելու քաղաքականությունը»,- ասում է նա:
Հայաստանում մշտապես փակ դռներին բախվող մեր աբստրակցիոնիստներին համախմբելու Գ. Ջ. Քասաբյանի նախաձեռնությունն այսօր հայ ժամանակակից նկարիչների մեջ մեծ ոգեւորություն է առաջացրել: Նա ստեղծել է «Հայ աբստրակտ արտիստների» ասոցիացիա, որը շուտով Հայաստանում մեծ շարժում կառաջացնի: Ճիշտ այնպես, ինչպես` 1980-ականներին Խորհրդային Կայսրության փլուզումից հետո հայ աբստրակցիոնիստները ջարդելով ժանգոտ կոմունիզմի պատերը՝ սկսեցին նոր շունչ ու ճաշակ թելադրել: Ասոցիացիայում արդեն մեծ թվով աբստրակցիոնիստներ են անդամագրվել եւ նորաստեղծ կառույցի վեբ-կայքում (www.armenianabstractartists.am) առայժմ իրենց գործերի փոքրիկ ցուցադրությունն են գտել: Ի դեպ, «Հայ աբստրակտ արտիստների» ասոցիացիան ինտերնետային կայքէջով գտել ու իր շարքերում համալրել է աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ արտիստներին, որոնք այսօր ուղիղ կապ են հաստատել նկարիչների այս խմբի հետ: Գ. Ջ. Քասաբյանը Հայաստանում աբստրակտ արտիստների հետ կապված մեծ ծրագրեր ունի, որոնք շուտով կիրականացնի եւ կոմունիզմի «ախտից» չձերբազատված արվեստի «կենտրոնների» իշխողներին կապացուցի, որ արվեստ ցուցադրելը բենզին լիցքավորելու տրամաբանությամբ չպետք է «իրացնել»:
Ashot Harutyunyan: Yerevan reminds of huge chessboard with identical pieces
August 13, 2010
PanARMENIAN.Net - Serious thought should be given to alteration of Yerevan's appearance, Armenian sculptor Gevorg Kassabian believes.
"Recently constructed buildings at Yerevan's Northern Avenue, considered to be the most modern part of the city, remind of 80-year-old American constructions, which proves Armenian architecture is 80 years behind world standards," Gevorg Kassabian stated at August 13 news conference.
As the artist Ashot Harutyunyan pointed out, the placement of monuments in the city makes Yerevan similar to huge chessboards with identical pieces. "The tendency should be altered," the artist noted.
Gevorg Kassabian, in turn, expressed readiness to present some of his works to the city. The sculptor has also developed a number of projects, ready to be implemented upon approval of city authorities.
In conclusion Gevorg Kassabian urged architects and sculptors to unite their efforts to alter the image of Yerevan.
|